Նկարագրություն
ՁՈՒՆ
2024, Հայաստան, 12 րոպե
Ռեժիսոր՝ Վահան Գրիգորյան
Անհաջողակ դերասանն աշխատում է մանկական սրճարանում` զվարճացնելով երեխաներին։ Նա համառորեն այցելում է քաստինգների` հույս ունենալով արժեքավոր դեր ստանալ։ Անընդհատ ձախողումները նրան դրդել են մոտիվացիոն գրքեր լսել, և դրանց ազդեցության տակ մի օր հանկարծ որոշում է «սխրանք» գործել:
ԲԵՌ
2024, Հայաստան, 20 րոպե
Ռեժիսոր՝ Գևորգ Ներսեսյան
Լսողության խնդիր ունեցող տղամարդն իր դստեր ծնվելու օրը մեքենայի բեռնախցիկում հայտնաբերում է եղբորը, որը, գտնվելով հետապնդման մեջ, խնդրում է իրեն հասցնել երկրի սահման։
ԱՆԳԼՈՒԽ ՁԻԱՎՈՐՆԵՐ
2023, Հայաստան/Սերբիա, 15 րոպե
Ռեժիսոր՝ Օվսաննա Գևորգյան
25-ամյա Սաթենիկն օրեր շարունակ դիտում է պատերազմական տեսանյութերը՝ փորձելով գտնել եղբորը, որն անհետ կորած է 2020-ի ղարաբաղյան պատերազմից հետո։ Նա օգնում է նաև մյուս անհետ կորածների ընտանիքներին, որոնք նույն վիճակում են։ Բոլոր տեսագրություններում մեծ մասամբ նույն կադրերն են՝ գերիներին ծեծում են, այնուհետև հրապարակավ գլխատում։ Պատմությունը սկսվում է այն օրվանից, երբ Սաթենիկը գերի զինվորներին պատկերող կադրերում նկատում է և ճանաչում ընկերուհու որդուն։ Դրանից հետո արդեն Սաթենիկին տեսնում ենք այդ տղայի հուղարկավորության ժամանակ, որը խորապես ցնցում է նրան։ Տղային գլխատել են։ Հուղարկավորությունից հետո ծանր ապրումները շարունակում են մնալ նրա ենթագիտակցության մեջ։ Սաթենիկը մղձավանջային երազներ է տեսնում եղբոր մասին և արթանանում մարդկանցով լի ավտոբուսում։ Ուղևորներից երկուսը սկսում էն վիճել պատուհանը բացելու թեմայով, բայց վեճն աստիճանաբար վերածվում է քաղաքական բանավեճի Հայաստանի ներկա իրավիճակի մասին։ Սաթենիկը փորձում է չմիջամտել վեճին, բայց ուղևորներից մեկի դաժան ակնարկը հունից հանում է նրան:
ԱՐՄԱՏ
2023, Հայաստան/Պորտուգալիա/Բելգիա/Հունգարիա, 14 րոպե
Ռեժիսոր՝ Աննա Մկրտումյան
Ֆիլմը հետևում է հեղինակին, որը պատասխաններ փնտրելով դիմում է գիտությանը՝ որպես վերջին հույսի։ Դոկտոր Քրիստինայի հետ ճանապարհորդելու ընթացքում հետազոտությունը կենտրոնանում է հողի առեղծվածների բացահայտման, դրա էության ուսումնասիրման վրա՝ այն հհարցադրմամբ, թե գոյություն ունի՞ հիշողություն կամ կապ հողի և դրա բնակիչների միջև։
Ոչ լույս, ոչ մութ
2023, ԱՄՆ/Հայաստան, 14 րոպե
Ռեժիսոր՝ Մարկոս Մարկոսյան
Հետխորհրդային Հայաստանում իրազեկիչ աշխատող կինը պետք է որոշի, թե մատնի՞ իր ազգային պատկանելությունը՝ հաղորդելով այն հույժ գաղտնի տեղեկությունը, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում որոշել են վերաբացել ատոմային էլեկտրակայանը։